Հայաստանի քարաքոսերի վերաբերյալ առաջին տեղեկությունները վերագրվում են 19-րդ դարին (Bélanger 1846, Buhse 1860): Հայաստանում քարաքոսերի վերաբերյալ առաջին հետազոտություններից է նաև Ջ. Շտեյների գիտական աշխատանքը, որում նկարագրված է քարաքոսերի 10 տեսակ` հավաքված Երևանի արվարձաններից (Steiner 1899): 20-րդ դարի սկզբին Հայաստանի տարածքից քարաքոսերի հավաքներ են իրականացրել նաև Ա. Բ. Շելկովնիկովը, Ա. Ա. Գրոսգեյմը և Ա. Կ. Մաղաքյանը (Abrahamyan 1984): Հետագայում գիտական հետազոտություններ են նաև տպագրվել Է. Ն. Կարա-Մուրզայի (Kara-Murza 1931) և Վ. Գ. Պախունովայի (Pakhunova 1934) կողմից: Ա.Ն. Օքսները 1948 թվականին հրատարակեց «ԽՍՀՄ-ի նոր և հազվադեպ քարաքոսեր» աշխատությունը, որտեղ նույնպես ներկայացված էին Հայաստանում աճող տեսակները (Oxner 1948): Հայաստանի քարաքոսերի նպատակային հետազոտություններ սկսվել են Վ.Գ. Նիկողոսյանի օրոք: Նա հրապարակել է մի շարք աշխատություններ, որտեղ բերված են տվյալներ ավելի քան 90 տեսակի վերաբերյալ (Nikoghosyan 1963, 1964a, 1964b, 1965, 1966): «Կովկասի քարաքոսերի ֆլորա» աշխատության շրջանակներում Հայաստանի քարաքոսերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել նաև Ժ.Օ. Բարխալովը (Barkhalov 1983): 1980-90-ական թվականներին Հայաստանի քարաքոսերի հետազոտման գործում մեծ ներդրում է ունեցել Ա. Աբրահամյանը: Նրա հետազոտությունները հիմնականում ուղղված են եղել Սևանի ավազանում տարածված քարաքոսերի ուսումնասիրմանը: Իր աշխատություններում Ա. Աբրահամյանը նշել է ավելի քան 190 տեսակ քարաքոսերի մասին (Abrahamyan 1984, 1996): Մեր երկրում տարածված քարաքոսերի բազմազանության հետազոտման գործում իրենց մեծ ներդրումն են ունեցել նաև Հ. Մայրհոֆերը և Շ. Հարությունյանը: Նրանց գործունեության արդյունքում Հայաստանի քարաքոսերի մասին մեր տեղեկությունները հարստացել են ավելի քան 200 տեսակով (Harutyunyan & Mayrhofer 2009): 2011թ. նրանց կողմից հրատարակվել և ներկայացվել է Հայաստանի քարաքոսերի կատալոգը (Harutyunyan et al. 2011), ըստ որի Հայաստանում տարածված էր քարաքոսերի 422 տաքսոն: Հայաստանի քարաքոսերի վերաբերյալ հետազոտությունները շարունակում է քարաքոսաբան Ա. Գասպարյանը Բեռլինի բուսաբանական այգու և թանգարանի գիտաշխատող Հ. Ջ. Մ. Սիպմանի հետ համատեղ (Գերմանիա): Այդ համագործակցության շրջանակներում 2011-2015 թթ. իրականացվել է Հայաստանի էպիֆիտային քարաքոսերի կենսաբազմազանության և պահպանության վերաբերյալ համապարփակ հետազոտություններ և հրատարկվել մի շարք գիտական աշխատանքներ: Ներկայումս Հայաստանի քարաքոսերի բիոտան ներկայացված է 617 տաքսոնով, որոնցից 230-ը էպիֆիտային քարաքոսեր են (Gasparyan & Sipman 2016): Էպիֆիտային քարաքոսերը հիմնականում տարածված են հարավային, հյուսիսային և կենտրոնական Հայաստանի բարեխառն լայնատերև, խառը անտառներում և նոսրանտառներում: Հայաստանի տարածքից հավաքված քարաքոսերի նմուշները հիմնականում պահպանվում են ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի բուսաբանության ամբիոնի հերբարիումներում: Հերբարիումի հիմնական մասը կազմված է Մ.Մելիքսեթյանի և Լ.Ա. Գևորգյանի, Դ.Ն. Բաբայանի կողմից հավաքված տեսակներից: