Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խումբը դարձել է FunDive սնկերի և քարաքոսերի բազմազանության հետազոտման նախաձեռնության գործընկերը Հայաստանում։
FunDive-ը համաեվրոպական նախաձեռնություն է, որը միավորում է 33 հայտնի կազմակերպություններ՝ 22 երկրներում։ Նախաձեռնության նպատակն է լրացնել սնկերի և քարաքոսերի տարածվածության և բազմազանության հետ կապված գիտելիքի բացը` բարելավելու համար սնկերի պահպանումը և քարտեզագրումը ողջ մայրցամաքում:
Օգտագործելով մասնագետների և «քաղաքացի-գիտնականների» օգնությունը՝ մոնիթորինգի արդյունքներով կբարձրանա սնկերի և քարաքոսերի բազմազանության ճանաչելիությունը և պահպանությունը։ Չնայած սնկերի և քարաքոսերի բազմամյա հետազոտություններին՝ տեսակներից շատերը վատ են ուսումնասիրված, դրանց գլոբալ տարածման օրինաչափությունները հաճախ բացակայում են կամ թերի են, առկա են բացեր արդյունավետ պահպանության պրակտիկայի համար:
Ինչպես աջակցել մեր այս նախաձեռնությանը․ FunDive-ը բաղկացած է տարբեր նախագծերից, որոնցից յուրաքանչյուրը կենտրոնացած է սնկերի և քարաքոսերի որոշակի թիրախային խմբերի վրա: Դուք կարող եք մասնակցել Հայաստանի համար առաջնահերթ համարվող երկու նախագծերին՝ գրանցվելով և հավաքելով «Geastrum» սնկի և «Dermatocarpon» քարաքոսի ցեղերին պատկանող նմուշներ:
Գործընթացը շատ պարզ է․ գտեք թիրախային ցեղին պատկանող տեսակը, լուսանկարեք և գրանցեք նմուշը PlutoF GO բջջային հավելվածում և փոխանցեք նմուշը մեր խմբին: Ձեր նմուշը կմշակվի տվյալների բազայում և կկատարվի տեսակի նույնականացում: Դուք կարող եք հետևել ձեր սնկերի և քարաքոսերի նմուշառման արդյունքներին FunDive-ի վեբկայքում:
Մի՛ հավաքեք սնկերի նմուշներ, եթե դուք գտնվում եք բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ տեսակը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Այս դեպքերում անհրաժեշտ է գրանցել միայն թիրախային ցեղերի տեսակները:
Մանրամասները՝ fun-dive.eu