Ոստայնասնկերը` (սարդոստայնասնկեր — Cortinarius) ագարիկոմիցետների ամենատարածված ցեղերից են և հանդիպում են տարբեր տիպերի խոնավ անտառներում՝ հողի վրա։ Միկորիզա գոյացնող սնկերից են և համակեցության մեջ են մտնում բազմաթիվ ծառատեսակների հետ։

Cortinarius գիտական անվանումը ծագել է լատիներեն Cortina բառից, որը թարգմանվում է որպես «քող, ծածկոց»։ Վերջինս շատ նուրբ թաղանթ է, սարդոստայնանման մանրաթելերից կազմված, որը գտնվում է գլխարկի եզրի և ցողունի միջև։ Դա ցեղի բոլոր տեսակների ընդհանուր առանձնահատկությունն է, որը տեսակների մեծ մասի մոտ ժամանակավոր է և չի պահպանվում։

Այս ցեղը լայնորեն տարածված է ամբողջ աշխարհում։

Աճում են ամառվա վերջից մինչև ուշ աշուն։

Բազմաթիվ անուտելի և մահացու թունավոր տեսակներից բացի, կան նաև ուտելի տեսակներ, որոնք սակայն շատ դժվար է տարբերել։

Թունավոր տեսակները պարունակում են դանդաղ գործող տոքսիններ որոնցով թունավորման ախտանիշները կարող են ի հայտ գալ ուտելուց 7-15 օր հետո, երբ բուժումը սովորաբար այլևս արդյունավետ չէ։

Այս ցեղի որոշ տեսակներ օգտագործվում են ներկանյութերի ստացման մեջ։