Skip to content Skip to footer

Հավանաբար շատերն են լսել քարաքոսերի մասին, սակայն քչերն են լավ պատկերացնում, թե վերջապես ինչ են քարաքոսերը իրենցից ներկայացնում: Սակայն դա այդքան էլ զարմանալի չէ, քանի որ նույնիսկ գիտնականների համար քարաքոսերը բավականին երկար ժամանակ հանելուկ են եղել և նույնիսկ շարունակում են մնալ այդպիսին: Միայն1867 թվականին գերմանացի գիտնական Սիմոն Շվենդեները բացահայտեց քարաքոսերի երկակի բնույթը, ինչը կենսաբանության համար անսպասելի բացահայտում էր: Քարաքոսերի բնույթը մինչ այսօր քննարկվում է գիտական հանրության կողմից, ուստի չկա բոլորի կողմից միանշանակ կերպով ընդունված §քարաքոս¦ տերմինի սահմանում:

Առավել ընդունված սահմանման համաձայն` քարաքոսը իրենից ներկայացնում է սնկի` միկոբիոնտի, և մեկ (կամ ավելի) ֆոտոսինթեզող օրգանիզմի` կանաչ ջրիմուռի կամ ցիանոբակտերիայի` ֆոտոբիոնտի, միջև ասոցիացիա: Սնկի և ֆոտոսինթեզող օրգանիզմի միջև գոյություն ունեն սիմբիոտիկ հարաբերություններ: Մինչ այդ քարաքոսի բնույթի վերաբերյալ եղել են տարբեր կարծիքներ և հիպոթեզներ: Քարաքոսի մարմնի հիմնական մասը կազմում է սունկը, որը շրջապատում է ֆոտոսինթեզող օրգանիզմներին: Սունկը վերցնում է ֆոտոսինթեզող օրգանիզմներից սնունդը` շաքարների տեսքով: Հետաքրքիր փաստն այն է, որ եթե քարաքոսի կազմից դուրս ջրիմուռները և ցիանոբակտերիաները շարունակում են զարգանալ որպես ինքնուրույն օրգանիզմներ, ապա սնկային բաղադրիչը քարաքոսի կազմից դուրս ապրում է շատ կարճ ժամանակ:

Քարաքոսի մարմինը ընդունված է կոչել թալոմ: Այն իրենից ներկայացնում է ամբողջական օրգանիզմ, չնայած որ կազմված է տարբեր օրգանիզմների փոխազդեցությունից: Քարաքոսի յուրաքանչյուր տեսակ, հազվադեպ բացառություններով, ունի իրեն բնորոշ ջրիմուռի տեսակը: Եվ դա կարևոր նշանակություն ունի քարաքոսերի տեսակների որոշման ժամանակ: Քարաքոսերի կազմում հանդիպող սնկերը հիմնականում պատկանում են ասկոմիցետների դասին (Ascomycota), շատ ավելի քիչ հանդիպում են բազիդիալ սնկեր (Basidiomycota) և ընդամենը մեկ տեսակի`Geosiphon pyriforme-ի մոտ սնկային բաղադրիչը ներկայացված է ֆիկոմիցետների դասին (Phycomycota) պատկանող սնկերով: Սնկերը առաջացնում հիֆեր, որոնք ունեն ուղիղ կամ ճյուղավորված թելերի տեսք: Քարաքոսի կազմում միկոբիոնտները առաջացնում են հիֆերի մոդիֆիկացիաներ, ինչը բացատրվում է նրանց ֆունկցիոնալ առանձնահատկություններով: Դրանցից են ճարպային բջիջները, շարժիչ հիֆերը և պլեկտենքիմները: Միկոբիոնտները առաջացնում են նաև հիֆերի մի շարք այլ ձևեր, որոնք մասնակցում են նյութերի կլանման գործընթացին: Օրինակ` հաուստորիումներ, իմպրեսորիումները, ապրեսորիումները և այլն:

Քարաքոսերի կազմում հանդիպող ջրիմուռները ավելի բազմազան են: Հանդիպում են ցիանոբակտերիաներ, կանաչ ջրիմուռներ, դեղնականաչ ջրիմուռներ և գորշ ջրիմուռներ: Ամենատարածված տեսակը կանաչ ջրիմուռ Trebouxia-ն է: Կան նաև այնպիսի քարաքոսեր, որոնց մոտ միևնույն ժամանակ հանդիպում են տարբեր տեսակի ջրիմուռներ: Կախված նրանից, թե ջրիմուռները ինչպես են դասավորված քարաքոսի կազմում` քարաքոսի թալոմը լինում է հետերոմեր կամ հոմոմեր: Եթե ջրիմուռները դասավորված են մեկ շերտով, ապա թալոմը կոչվում է հետերոմեր, իսկ այն դեպքում, երբ հավասարաչափ բաշխված են ամբողջ թալոմում` հոմոմեր: Ըստ էվոլյուցիոն տեսակետի` հոմոմեր տեսակի թալոմը ավելի պրիմիտիվ է: Քարաքոսերը սուբստրատին ամրանում են տարբեր ձևերով:

Պարզագույն ձևերի մոտ ամրացումը տեղի է ունենում թալոմի միջին մասի հիֆերի միջոցով, իսկ առավել զարգացած ձևերի մոտ առաջացել են համապատասխան հարմարանքներ: Ըստ արտաքին տեսքի` քարաքոսերը շատ բազմազան են և ունենում են տարբեր ձև, չափ, գունավորում , կառուցվածք և այլն: Հանդիպում են կարմիր, դեղին, կանաչ, մոխրագույն, սև, շագանակագույն և այլ երանգների քարաքոսեր: Ըստ չափերի նույնպես խիստ տարբեր են: Հանդիպում են ինչպես մեկ միլիմետրից փոքր ձևեր, այնպես էլ մինչև 2 մետրի հասնող ձևեր: Ըստ արտաքին տեսքի տարբերում են հիմնականում չորս մորֆոլոգիական տիպեր: Դրանք են կեղևանման, տերևանման, թեփուկանման և թփանման քարաքոսերը: Սակայն այս ձևերից յուրաքանչյուրը իր հերթին բաժանվում է մի շարք ավելի կոնկրետ ձևերի: Քարաքոսերին բնորոշ են բազմացման երեք ձևեր. սեռական, անսեռ և վեգետատիվ:

Սեռական բազմացման ժամանակ առաջանում են սպորներ` սեռական պրոցեսի արդյունքում: Անսեռ բազմացման ժամանակ առաջանում են էկզոգեն սպորներ: Այս երկու դեպքերում էլ սպորների առաջացմանը մասնակցում է միայն միկոբիոնտը: Վեգետատիվ բազմացման ժամանակ քարաքոսը վերականգնում է իր մարմինը նույնիսկ շատ փոքր ֆրագմենտներից կամ մասնագիտացված կառուցվածքներից: Ըստ որոշակի հաշվարկների երկրագնդի վրա գոյություն ունեն քարաքոսերի մոտավորապես 20.000-ից 30.000 տեսակներ: Քարաքոսերը չեն առաջացնում առանձին սիստեմատիկ խումբ: Դասակարգման ժամանակ հիմնվում են սնկային բաղադրիչի տեսակային պատկանելիության վրա: Եթե սունկը պարկավոր է, ապա քարաքոսը պատկանում է ասկոմիցետների դասին (լիխենիզացված ասկոմիցետ), իսկ եթե բազիդիոմիցետ է` համապատասխանաբար բազիդիոմիցետների դասին:

Քարաքոսերի կարելի է հանդիպել հողի, ծառերի բների և ճյուղերի, քարերի վրա: Երբեմն քարաքոսերն ամբողջությամբ ծածկում են այս սուբստրատները: Տարածված են ամենուրեք` բոլոր մայրցամաքներում: Նրանք հարմարվել են ապրելու նույնիսկ էքստրեմալ պայմաններում. hանդիպում են նույնիսկ Անտարկտիդայի ամենացուրտ մասերում, ամենաչոր անապատներում, ամենախոնավ արևադարձային անտառներում և ամենաբարձր լեռներում: